Այսօր՝ դեկտեմբերի 13-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի է ունեցել ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի հեղինակած` «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, մտավորականության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ըստ Կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի, նոր աշխատությունն արծարծում է ՀՀ-ում սահմանադրական պետության կառուցման հիմնախնդրին առնչվող մի շարք հրատապ դիտանկյուններ` սկսած 90-ական թվականների սկզբից մինչեւ ներկա պահի իրավաքաղաքական իրողությունները: «Իր անառարկելի արժանիքներից զատ` այս գիրքը նաեւ հանձնառություն ստանձնեց քաղաքագիտական մտքի շարունակումն ու զարգացումը փոխանցելու նոր սերնդին, որի մտավոր կարողություններն էական ներդրում են»,- ասել է նա:

Իր խոսքում ՌԱՀՀԿ ավագ փորձագետ, խմբի աշխատանքները համակարգող Մանվել Սարգսյանը բարձր է գնահատել Կենտրոնի հետ համագործակցած երիտասարդ փորձագետների աշխատանքը, որը նյութի խորն ու անկողմնակալ վերլուծության ակնառու օրինակ է: «Փորձել ենք ներկայացնել, թե որն է ժողովրդավարական, իրավական պետության չկայացածության մեջ մեղքի մեր բաժինը եւ որոնք են աշխարհի էլիտար ազգերի ընտանիքին անդամագրվելու խոչընդոտները»,- ընդգծել է Սարգսյանը:

Գրքի հեղինակներից Արթուր Ավթանդիլյանը, Սարո Սարոյանը, Էդգար Վարդանյանը եւ Արայիկ Հարությունյանը կարծիք հայտնեցին, որ ուսումնասիրությունը լուրջ ու նորովի հայացք է` նետված հետպատերազմական շրջանի զարգացումներին, իշխանությունների հետ բանակի սերտաճման, տնտեսության ու քաղաքականության միաձուլման գործընթացներին, մեզանում ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման անհնարինության հարցերին, պետական կյանքի կարգավորման ստվերային ազդակներին, օլիգոպոլիայի ի հայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ինչպեսեւ հայ հասարակության կողմից իրավական գաղափարների ու ժողովրդավարության ընկալման ձեւերին:

Գրքի շնորհանդեսին մասնակցել է նաեւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Հայոց եւ Մերձավոր Արեւելքի պատմությունների ամբիոնի վարիչ, ամերիկահայ ականավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը: «Հետազոտության մեջ կան բազմաթիվ կարեւոր հիմնահարցեր, որոնց լուծումը, վստահ եմ, օգտակար կլինի հայոց երիտասարդ պետության ապագայի համար»,- նշել է նա: