Ադրբեջանում կապիտանը սպառնացել է պայթեցնել նավը
Sputnik–ի փոխանցմամբ՝ Կասպյան ծովային նավթային նավատորմիղի Aria-142 նավի կապիտան Էլսեւեր Ղարիբովը՝ 1977 թվականին ծնված, կենցաղային խնդրի է բախվել։ Բալաջարը բնակավայրում նրա տունը կարող են ապամոնտաժել՝ բացատրելով, որ բնակարանը SOCAR–ի նավթատարների վարչության ենթակա տարածքում է գտնվում։ Վարչության աշխատակիցները Ղարիբովի ընտանիքին հայտնել են, որ ստիպված են եղել ապամոնտաժել տունը, քանի որ այն նավթատարից անմիջական հեռավորության վրա է գտնվում։
Այս կապակցությամբ տղամարդը զանգահարել է 102 եւ հայտնել, թե տունը քանդելու դեպքում ինքը կպայթեցնի նավը, քանի որ ինքն ու իր ընտանիքն ուրիշ ապրելու տեղ չունեն։ Ավելի ուշ Ղարիբովը խոստովանել է, որ պարզապես շատ զայրացած է եղել, երբ հայտնել է նավը պայթեցնելու իր մտադրության մասին։
Միաժամանակ «Սպուտնիկ Ադրբեջանին» SOCAR–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց ընկերության տարածքում ժամանակին ապօրինաբար կառուցված տների ապամոնտաժման մասին դեռեւս խոսք չի գնում։




























