Լուկաշենկոն փորձում է իր վրա հրավիրել Պուտինի ուշադրությունը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ պատասխանելով NEWS.am–ի  հարցին, թե ինչը կարող էր պատճառ դառնալ, որ Բելառուսի նախագահը հայտարարի, թե պատրաստ է աջակցել Բաքվին նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում։

Մանասյանի խոսքով՝ այդ հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանին։

«Անգամ Ադրբեջանին չէր ուղղված։ Նրանք առանց հայտարարությունների էլ կարող են Բաքվին զենք վաճառել։ Ռուսաստանը վաճառում է չէ։ Օգնությունը կարող է ցուցաբերվել այդ տեսքով»,– ասել է փորձագետը՝ նշելով, որ այդ հայտարարությանը չարժե ուշադրություն դարձնել։