Աղվերանում ամփոփվել է «Բոլոնիայի գործընթացը. ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» թեմայով եռօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպաններ, կրթության ոլորտի մասնագետներ, միջազգային փորձագետներ տարբեր երկրներից:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ նախարար Աշոտյանը ելույթ է ունեցել «Բոլոնիայի գործընթացը. Ինտեգրում կրթության միջոցով» թեմայով, եւ նշել, որ Բոլոնիայի գործընթացի խնդիրներին նվիրված նախորդ համաժողովը տեղի է ունեցել երկու տարի առաջ,  եւ ներկա համաժողովի նպատակն է ի մի բերել անցած երկու տարվա ընթացքում իրականացված քայլերը, արձանագրել առկա խնդիրները եւ քննարկել դրանց լուծման մեխանիզմերը:

«Բոլոնիայի գործընթացը նախեւառաջ քաղաքակրթական ֆենոմեն է, որի առջեւ դրված է միացյալ կրթական տարածք ունենալու խնդիրը: Համագործակցության հաջորդ հարթությունը` տնտեսությունն է. նորմալ տնտեսության դեպքում գլոբալ աշխատաշուկան պետք է սպասարկվի գլոբալ կրթական տարածքով»,- ասել է նա` մանրամասն անդրադառնալով նաեւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներին, մասնավորապես,  կրթական երրորդ աստիճանի, կրեդիտային համակարգի ներդրման խնդիրներին: Աշոտյանի խոսքով, Բոլոնիայի գործընթացի լիարժեք իրականացմանը խանգարող մի շարք գործոններ կան: «Նախեւառաջ մեր աշխատաշուկայում շատ մասնագիտությունների գծով լիարժեք չի ձեւավորվել բակալավրի կրթական աստիճանին համապատասխանող աշխատանքի նկարագիրը:  Երկրորդ խնդիրը տնտեսություն-կրթություն կապի համատեքստում որոշակի մասնագիտությունների գծով որակյալ կադրերի  պահանջարկի բացակայությունն է: Մյուս կարեւոր խոչընդոտը մասնավոր ներդրողների, գործատուների փոքր շահագրգռվածությունն է կրթական համակարգի նկատմամբ` համապատասխան ներդրումների տեսքով»,-նշել է  նախարարը:

Ա. Աշոտյանը նաեւ ներկաներին տեղեկացրել է, որ առաջին անգամ նախարարությունը պետական եւ  ոչ պետական բուհերի համար հայտարարել է դրամաշնորհների մրցույթ` բարձրագույն կրթության որեւէ ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով; Ըստ նախարարի` դրանք փորձագիտական խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում նախարարության կողմից կֆինանսավորվեն` յուրաքանչյուրը 3 մլն դրամի չափով, երկու` որակի եւ համաֆինանսավորման պայմանով: Փորձնական մրցույթի նպատակը նորարարական եւ ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունն է: