Երեկ՝ դեկտեմբերի 12-ին փաստաբան Վահե Գրիգորյանը այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հանդիպելու իր վստահորդ` քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այցի արդյունքում կազմվել է արձանագրություն, որտեղ փաստաբանը նշել է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 13:50-ի սահմաններում ինքը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում, որտեղ մուտք է գործել նաեւ ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության մայոր պարոն Ա. Խաչատրյանը: Փաստաբանը խնդրել է վերջինից դուրս գալ առանձնասենյակից եւ հնարավորություն տալ Փաշինյանի հետ գաղտնապահության պայամաններում հանդիպել՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություններ պաշտպանության մասին կոնվենցիայի 34 հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան: «Ձեր ներկայությամբ ես ի վիճակի չեմ ապահովել վստահորդիս  մատուցվելիք ծառայությունների տրամադրումը հիշյալ իրավական նորմերի սահմաններում»,- ասել է Վահե Գրիգորյանը, սակայն այդ խնդրանքը չի հարգվել:

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ըստ կազմված արձանագրության, հայտարարել է .

«1. Առայսօր ինձ փաստաբանի հետ, այսինքն «Արթիկ» ՔԿՀ տեխափոխվելուս պահից` 30. 11. 2010թ.-ից առանձնատեսակցության հնարավորություն չի ընձեռվում: Ինձ այցելել են (03.12.2010թ.) Գիվի Հովհաննիսյանն ու Անահիտ Վարագյանը (փաստաբաններ), որոնց հետ հանդիպմանը բաց դռնից այն կողմ ներկա են գտնվել ՔԿՀ աշխատակիցները: 10 դեկտեմբերի, 2010թ.-ին ինձ այցելել է փաստաբան Ա. Վարագյանը, որի հետ նույնպես ինձ արգելվել է ունենալ առանձնատեսակցություն, քանի որ այս նույն սենյակում մեր հանդիպմանը ներկա էր պարոն Ա. Խաչատրյանը, որը ներկա է նաեւ այսօր:

2. 02.12.2010թ.-ից առ այսօր ես թվով յոթ նամակ եմ հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին, ընդ որում նամակներից վեցի վրա 120-140 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշեր են փակցված եղել: Այդ ծրարները ուղղված են եղել «Հայկական ժամանակ» օրաթերթին եւ եղել են թվով 8 հոդված: Դեկտեմբերի 7-ին ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ հայտնել է, որ «նեղություն չկրեմ, նամակներ չգրեմ, որովհետեւ դրանք միեւնույն է չեն ուղղարկվելու»: Չնայած սրան, ես մինչ օրս բոլոր աշխատանքային օրերին ՔԿՀ ներկայացուցչին եմ հանձնում ծրար (օրական մեկ ծրար), որի մեջ իմ գրած հոդվածն է:

3. Իմ դիմումները սահմանված կարգով չեն գրանցվում 9-րդ ձեւի մատյանում, ինչը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի պահանջների խախտում է: Այս ընթացքում իմ գրած դիմումներից, եթե հիշողությունս չի դավաճանում, այս պահին գրանցված են միայն երկուսը, այնինչ իմ գրած դիմումների ընդհանուր թիվը վեցն է: ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ ասել է, որ, եթե գրեմ դիմումներ, որոնց հասցեատերերը գտնվում են ՔԿՀ պատերից դուրս, այդ դիմումները չեն վերցվելու: Հարցրել եմ, թե օրինակ գլխավոր դատախազին դիմում գրեմ, չի ուղարկվելու այն արդյոք, ինձ պարոն Ա. Խաչատրյանը պատասխանել է, որ` ոչ:

Այսպիսով, ես զրկված եմ

ա) իմ լրագրողական, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու հնարավորությունից.

բ) արտահայտվելու ազատության, մասնավորապես` իմ մտքերը, գաղափարները, իմ վերաբերյալ տեղեկությունները տարածելու հնարավորությունից` ՀՀ Սահմանադրության խախտմամբ.

գ) իրավական օգնություն` փաստաբանի խորհրդատվություն ստանալու իրավունքից, ներառյալ ՄԻԵԴ դիմում ներկայացմելու իրավունքից, քանի որ չեմ կարողանում օրենքով նախատեսված պայմաններում հաղորդակցվել ներկայացուցչիս հետ: Բացի ՄԻԵԴ ներկայացված դիմումից այս պահին իրավական օգնության կարիք եմ զգում նաեւ հետեւյալ հարցերի շուրջ

- 11.11.2010թ.-ին իմ դեմ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ իրականացվող եւ առ այսօր ինձ համար անհայտ գործընթացի վերաբերյալ.

- պատժիս չկրած մասը օրենքի խախտմամբ չկրճատելու` այսինքն սխալ հաշվարկի արդյունքում սխալ կրճատելու գործի վերաբերյալ.

- ինձ հայտարարված տույժերի բողոքարկումների վերաբերյալ

- «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա քաղաքացիական գործի վերաբերյալ

- իմ անձնական անվտանգության ապահովման վերաբերյալ

- մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ

4. Ես զրկված եմ նաեւ անձնական նամակագրություն վարելու հնարավորությունից, փաստորեն զրկված լինելով հարազատներիս հետ հաղորդակցվելու (այդ ձեւով) հնարավորությունից:

Այսպիսով, արձանագրում եմ, որ իմ դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները ավելի են ահագնացել: ՔԿՀ-ներում անցկացրած այս ժամանակաշրջանի իմ փորձը փաստում է, որ արտաքին աշխարհի հետ իմ կապի խոչընդոտների ահագնացումը, որպես կանոն, նախորդում է իմ անձնական անվտանգության նկատմամբ կիրառվող ոտնձգություններին: Ակնկալում եմ, որ այս հայտարարությունը կարժանանա ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների (բացառությամբ Արմեն Հարությունյանի գրասենյակի), ներառյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը: Ակնկալում եմ, որ ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի նախագահ Ա. Սաքունցը անձամբ կզբաղվի տվյալ իրավիճակի ուսումնասիրությամբ եւ հանդես կգա հապապատասխան զեկույցով: Պահանջում եմ, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը ապահովի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իմ իրավունքների եւ ազատությունների իրացման հնարավորությունը»:

«Արթիկ» ՔԿՀ` մեր տեսակցությանը ներկա գտնվող սպա պարոն Խաչատրյանը իմ խնդրանքին եւ պարոն Ն. Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան հայտնեց. «Իրավական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալն իրավունք ունի հանդիպել իրավապաշտպաններին, իսկ տեսակցությունը տեղի է ունենում կարճատեւ տեսակցությունների համար նախատեսված կարգով` ՔԿՀ ներկայացուցչի ներկայությամբ: Իսկ տեսակցությունը չի անցկացվում կարճատեւ տեսակցությունների սենյակում անվտանգության նկատառումներից ելնելով»: Պարոն Փաշինյանի հայտարարությանը ի պատասխան պարոն Ա. Խաչատրյանը հրաժարվեց որեւէ բան հայտնելուց:

Պարոն Ա. Խաչատրյանը ներկա է գտնվել սույն արձանագրության կազմման ողջ ընթացքին, սակայն, հրաժարվեց այն ստորագրել, քանի որ, ինչպես ինքը հայտնեց. «Արձանագրությունն իմ համար որեւէ իրավական ուժ չունի»:

Սույն արձանագրությունը պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ ընթերցվել է բարձրաձայն, ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում»: