Կոռուպցիոն դրսեւորումները շատ ոլորտներում կարող են բացառվել հսկայական գումարներ ներդնելով, սակայն որոշ ոլորտներում կարելի է ավելի պարզ տարբերակ ընտրել։ Այդ տարբերակներից է էլեկտրոնային համակարգի ներդրումը։  Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ «Էլ-կառավարման գործիքների մշակում արդարադատության ոլորտում» ծրագրի ներկայացման ժամանակ, նշեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Ներկայացնելով այդ գործիքները՝ նա նշեց, որ մասնավորապես e-draft.am համակարգը հնարավորություն է տալիս խրախուսել օրենսդրական ակտերի վերաբերյալ հանրային քննարկումները՝ ավելացնելով, որ  ԱԺ-ն եւս միացել է այս հարթակին, եւ որոշ օրենսդրական ակտեր եւս տեղադրվում են e-draft.am  հարթակում։

Մյուս գործիքը նոտարական ոլորտում e-notary.am համակարգն է։ Նախարարի խոսքով, սա հնարավորություն կտա քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով մատուցել համապատասխան ծառայությունները՝ հեշտացնելով մի կողմից քաղաքացիների համար նոտարական գործողությունները, իսկ մյուս կողմից նոտարական ծառայությունների կենտրոնացումը մի տեղում։

Նախարարը, խոսելով e-apostile.am համակարգի մասին, նշեց, որ իր գործընկերներից մեկը, ծանոթանալով e-apostile.am համակարգի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներին, նշել է, որ Ամերիկան շատ բան ունի մեզանից սովորելու։ Ընդ որում, նախարարի խոսքով, շատ քիչ երկրներ են աշխատում այս համակարգով, ուստի նախարարությունը դիմել է Հաագայի կոնֆերանսին, որպեսզի եղած համակարգերը միավորվեն, եւ ստեղծվի միջազգային ընդհանուր համակարգ։