Հայաստանում գործում է ոչ Առաքելական եկեղեցու 350 000 հետեւորդ. «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը հնարավոր լինելո՞ւ է գործադրել այդ կառույցներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում հիշյալ օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ այսպիսի հարցադրմամբ հանդես եկավ Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Նա նաեւ հարց ուղղեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, թե օրենքի նախագծում կա հոգեբանական բռնություն տերմինը, իսկ հոգեբանական բռնությունը լինում է բաց եւ փակ. ո՞ր մասնագետներն են տալու, թե որ բռնությունն է հոգեբանական, որը ոչ:
Ի պատասխան Վիգեն Քոչարյանն ասաց, որ համապատասխան օրենսդրական կարգավորումներն առանց որեւէ նախապատվության ու խտրականության տարածվելու են ՀՀ բոլոր քաղաքացիների վրա՝ անկախ նրանից` պատկանում են կրոնական, թե ազգային փոքրամասնություններին:
Ալեքսանդր Ամարյանն իր արձագանքում նկատեց. «Հայաստանում գործում է «Ընտանիք» կամ «Աստծո զավակներ» կրոնական կառույցը, որի հիմքում դրված է ինցեստ հասկացողությունը` հարազատներով, երեխաներով, տարիքային սահմանափակում չկա, սեռական հարաբերություն են ունենում, հիմա այդտեղ ո՞նց եք առանց Ազատությունների մասին 3-րդ Կոնվենցիան խախտելու փորձելու օգտագործել այս օրենքը»:
Սրան փոխնախարար Քոչարյանն արձագանքեց. «Եթե ունենք նման հանցագործությունները հաստատող փաստեր, այստեղ է նաեւ Անչափահասների հարցերով զբաղվող Ոստիկանության ներկայացուցիչ Նելլի Դուրյանը, վստահ եմ` արձագանքը կլինի, ավելացնելու ուրիշ բան չունեմ»:




























