Ապաստարան գնալը ծայրահեղ միջոց է այն անձանց համար, որոնք ընտանեկան բռնությունից փրկվելու համար դուրս են գալիս ընտանիքից, եւ գիշերը այլ տեղ քնելու հնարավորություն չունեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ նշել է հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Նրա խոսքով, դրանով է պայմանավորված, որ օրենքով նախատեսվում է գաղտնիության ապահովել ապաստարանների գտնվելու վայրի մասին. «Նպատակն այն է, որ բռնարարը հնարավորություն չունենա իմանալու այն տեղը, որտեղ գտնվում է բռնության զոհը եւ չգա իր գործը շարունակելու արդեն ապաստարանում»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ չեն կարող ապաստարանում գտնողները շփվել իրենց նախընտրած անձանց հետ եւ ի՞նչ երաշխիք, որ նրանք, այդ թվում ապաստարան տեղափոխված երեխաները չեն ենթարկվի նվաստացուցիչ վերաբերմունքի հենց ապաստարաններում, փոխնախարարը պատասխանեց, որ այստեղ թյուրըմբռնում կա. «Այն անձը, որը ժամանակավոր կացարան է գտել ունի բոլոր հնարավորությունները՝ սկսած ցանկացած պահի լքելու այդ վայրը, շփվելու ում հետ ցանկանում է: Օրենքի նախագիծը չի նախատեսում, որ ապաստարանում կարող են լինել երեխաներ՝ առանց ծնողներից որեւէ մեկի: Երեխան կարող է այնտեղ հայտնվել միայն իր ծնողի հետ»:
Վիգեն Քոչարյանը նշեց, որ այսօր բռնության ենթարկված կնոջը, որին, օրինակ, ամուսինը երեխաների հետ տնից դուրս է շպրտել, գիշերելու տեղ չունեն եւ պատկան մարմինները ստիպված են լինում դիմել այդ խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին:




























