Պրակտիկան ցույց է տվել, որ բազմաիթվ քրեական գործերով կասկածյալների, մեղադրյալների նկատմամբ, նախաքննության փուլում, որը գաղտնի է, կիրառվել են ֆիզիկական ու հոգեբանական ներգործության միջոցներ: Այս մասին, այսօր՝ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ըստ որի նախաքննության ժամանակ հարցաքննությունները պետք է տեսաձայնագրել:
Գեւորգ Պետրոսյանի խոսքով, վերջին շրջանում ավելացել են արդարացման դեպքերը, բազմաթիվ ամբաստանյալներ փոխել են իրենց ցուցմունքը եւ դատարանում հայտարարել, որ իրենց նկատմամբ եղել են սպառնալիքներ եւ բռնություններ:
Հարցին, թե արդյոք կա՞ վերլուծություն, թե նախաքննության ընթացքում բռնության քանի դեպք է գրանցվել, որոնց հետեւանքով սխալ դատավճիռներ են կայացվել, Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ վիճակագրական վերլուծություն չի արել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա. «Կյանքը ամենալավ վերլուծությունն է. եթե մենք տեսնում ենք, որ աճում են արդարացման դատավճիռները: Փաստորեն նախաքննական մարմինն իր գործունեության ընթացքում հարուցել է երկնային օրենքների զայրույթը: Տեղի է ունեցել մարդու իրավունքի խախտում եւ դատարանում մարդը կարողանում է արտահայտել իրականությունը: Ո՞վ է ասել, որ վիճակագրական տվյալները պետք է աղմկահարույց լինեն, որ նոր փոփոխություն կատարվի օրենքում»:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր խոսքում նշեց, որ եթե որեւ քննիչ նման դեպքերի առնչությամբ չի դատապարտվել, եթե որեւէ փաստաբան այդպիսի հարց չի բարձրացրել, չի կարելի եզրակացնել, որ արդարցման դատավճիռները կապված են հենց մեղադրյալի իրավունքների ոտնահարման հետ. «Եթե դատական գործը կազմվել է օրինակ մեկ անձի ցուցմունքի վրա կամ բռնությամբ է կորզվել ցուցմունքը, դատարանում, որտեղ ամեն բան ձայնագրվում է, մարդը փոխելու է իր ցուցմունքը, ճիշտ ցուցմունքն է տալու եւ ամբողջ ապացույցը քանդվելու է: Այդ դեպքում՝ որտե՞ղ է քննիչի շահագրգռությունը՝ կորզել այդ ձեւով ցուցմունքներ, որն իմ կարծիքով, մեր իրավակարգավորումների պարագայում զրոյական նշանակություն ունեն: Որոշ երկրներում ինքնախոսոտովանական ցուցմունքը որեւէ նշանակություն չունի: Այսինքն ոչ թե դնենք ձայնագրենք, այլ իմ նշած ճանապարհով գնանք»:
Ի պատասխան Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Ասում եք՝ ինչու պետք է քննիչը շահագրգռված լինի: Բոլորս էլ ապրում ենք այս կյանքում եւ գիտենք, որ այսօր քիչ չեն քննիչները, որոնք հասկանալով, որ ներկայացում են մեղադրական կողմը, մեղադրական հակումներով են տրամադրված մեղադրյալի նկատմամբ: Քննիչների մոտ կա կարծիք, որ եթե մարդը հայտնվել է իրենց մոտ, անպայման պետք է ավարտել գործը մեղադրանքով»:




























