Օտարալեզու դպրոցների բացումը թույլատրելի է, եթե պահպանվեն նվազագույն պայմանները հայոց լեզվի նկատմամբ: Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Օտար լեզվի նոր կրթական ծրագրերը  յուրացնելը ցանկացած երկրի համար կարևորագույն խնդիր է, որովհետեւ եթե մենք այսօր պարփակվենք խեցու մեջ եւ չփորձենք ինտեգրվել միջազգային կրթական տարածքին, ապա շատ բարդ է լինելու»,-ասաց Սերգո Երիցյանը:

Նա  նշեց, որ շատ հաճախ հայաստանցի ուսանողների համար արտասահմանյան բուհերի կողմից տրամադրված տեղերը չեն լրացվում օտար լեզու լավ չիմանալու պատճառով:

«Մենք շատ մեծ դժվարություններ ենք ունենում կրթական համակարգում, երբ որ տարբեր երկրներից տեղեր ենք ստանում եւ ցավոք ոչ բոլոր տեղերն են լրացվում, որովհետեւ կա լեզվի խնդիրը:  Օրինակ Չեխիայից մեզ հատկացրել էին 30 տեղ, բայց դրանցից եւ ոչ մեկն էլ չլրացվեց»-նշեց Լեզվի պետական տեսչության պետը:

Երիցյանի համոզմամբ, օտարալեզու միջազգային դպրոցների բացումը հնարավորություն կտան երիտասարդներին հետգայում ուսումը շարունակել արտասահմանում:

Նշենք, որ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողները պնդում են, որ օտար լեզու իմանալու համար պետք է ուղղակի հայկական դպրոցներում բարձրացնել օտար լեզուների ուսուցման մակարդակը, այլ ոչ բացել օտարալեզու դպրոցներ, որտեղ բոլոր առարկաները կդասավանդվեն օտար լեզվով եւ երեխայի համար առաջին լեզուն կհամարվի ոչ թե հայերենը, այլ՝ այն լեզուն, որով կրթվում է: