Քրդերի կողմից վերահսկվող մի շարք շրջանների կորստից հետո Իրաքի Քուրդիստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը պահանջել է ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հրաժարականը, հայտնում է  DW-ն: 

«Քուրդիստան շրջանի նախագահը եւ նրա տեղակալ Քոսրաթ Ռասուլն այլեւս լեգիտիմ չեն եւ պետք է իրենց պաշտոնները լքեն»,- նախօրեին հայտարարել է Հանուն փոփոխությունների շարժման՝ «Ղորանի» ներկայացուցիչ Շորեշ Հաջին:

Միեւնույն ժամանակ քրդական ընդդիմությունը պահանջել է կոմիտեի լուծարում, որը Բարզանին ստեղծել էր հանրաքվեից հետո՝ քվեարկության արդյունքների իրականացման նպատակով: Քրդերից շատերը Բարզանիին մեղավոր են համարում Քիրքուք նահանգում նավթաբեր շրջանների կորստի համար, որոնք Իրաքի նավթով ամենահարուստ շրջաններից մեկն էին:

Մինչդեռ ԱՄՆ պետաքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի կառավարությանը եւ քրդական ինքնավարության իշխանություններին զսպվածության կոչ է արել: «Մենք կոչ ենք անում չնպաստել իրավիճակի թեժացմանը, բանը հակամարտության չհասցնել, համակարգումը պահպանել եւ չմոռանալ, որ ԻՊ-ին ջախջախելու պատերազմը դեռ չի ավարտվել»,- հայտարարել է Նա: Թիլերսոնը նաեւ հիշեցրել է, որ «Իսլամական պետությունը» Իրաքի համար շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը: