Անհրաժեշտ է կասկածյաների եւ բանտարկյալների ցուցմունքները ձայնագրել, որպեսզի նրանք ազատվեն քննիչների ճնշումներից: Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում այս մասին ասաց  ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ եվրոպական շատ երկրներում է այս պրակտիկան գործում: Այս դեպքում հարցաքննությունների ժամանակ քննիչները չեն կարողանա ֆիզիկական ճնշում գերծադրել:

Ի պատասխան առաջարկին՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ ճնշում կարելի է գործադրել նաեւ մինչեւ հարցաքննելը: Ըստ որում՝ ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական, որոնց հետքերը ձայնագրության մեջ չեն երեւա: «Սրա դեմ պայքարելու այլ մեխանիզմներ կան: Իսկ բացասական կողմերն այս հարցում մեծաթիվ են: Սա հարցաքննվողին ճնշման ենթարկելն է, սակայն արդեն այլ կարգի: Այս դեպքում նրանք այլեւս չեն կարողանա իրենց ցուցմունքները փոխել»,- նշեց Կոստանյանը: