Պաշտպանական ոլորտում այն ինչ հնարավոր է առնել հայրենական արտադրողից՝ գնում ենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային Ժողովում «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների բարձրացրած հարցին՝ պաշտպանական ոլորտում հայրենական արտադրողից գնումներ անելու մասով:

«Հայրենական արտադրանքը գերակշիռ մեծամասնություն է կազմում  պաշտպանական ոլորտում եւ այս առումով իշխանության եւ ընդդիմության մոտեցումները համընկնում են: Այն, ինչ հնարավոր է առնել հայրենական արտադրողից, պետք է առնել՝ մրցակցային պայմանները հաշվի առնելով»,-ասաց նա:

Նախարարն անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման վերաբերյալ, նշեց.  «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակումը Ազգային ժողովի լիազորությունների մեջ չի մտնում: Խնդիրն այստեղ ոչ թե դժոխքի կամ դրախտի, այլ ընդամենը սահմանադրական դաշտի է»: