Հայաստանը հայտնվել է ամենավթարային երկրների եռյակում։ Այդ մասին Ազգային ժողովում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը։

«Գրեթե ամեն օր մեր երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով ունենում ենք ցավալի դեպքեր, հաճախ՝ մահացու ելքով։ Միջազգային փորձագետների ուսումնասիրություններն էլ հուսադրող չեն»,- նշել է նա եւ հավելել. «Հայաստանը հայտնվել է ամենավթարային երկրների եռյակում։ Առաջատարների ցանկում Վրաստանն է, որտեղ տարի մեկ միլիոն բնակչության հաշվով պատահարներից զոհերի թիվը կազմում է 163,6 մարդ, երկրորդը՝ Ռուսաստանն է՝ 160,4 մարդ, իսկ Հայաստանում՝ 114,7 մարդ»։

Ըստ պատգամավորի, ցավոք, ինչպես վկայում են ոստիկանության տվյալները, իրավիճակը չի բարելավվել։ «2017 –ին մինչեւ սեպտեմբերի 30-ը գրանցվել է զոհերով եւ վիրավորներով 2553 պատահար, զոհվել է 200, վիրավորվել է երեք հազարից ավելի մարդ»,- նշել է նա, իսկ խնդրի համար առաջարկել է վերլուծել ավելի բարվոք երկրների փորձը եւ մշակել իրավիճակը շտկելու ճանապարհային քարտեզ։ Ընդ որում, պետք է վերլուծել ոչ միայն ճանապարհների վիճակը, եվրոպական երկրների կենսամակարդակը, այլեւ միմյանց նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտը, որի կարիքը կա։