Ալաշան տեղափոխված թալիշցի դպրոցականներն այս ձմեռ ստիպված չեն լինի դասերն անցկացնել փայտով տաքացվող դասասենյակներում: «Յուքոմ» ընկերությունը հոկտեմբերի 24-ին Ալաշանի դպրոցին ջեռուցիչներ է նվիրել: Դպրոցի 31 աշակերտ այսուհետև հնարավորություն կունենան օգտվել նաև համակարգչից, իսկ ուսուցչական կազմը՝ տպիչ սարքից:
Լրագրողների հետ զրույցում «Յուքոմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ իրենք շատ կարևորում են Թալիշի երեխաներին աջակցությունը:
«Հիմնադրամի միջոցով փորձեցինք առավել լավ պայմաններ ստեղծել թալիշցի երեխաների համար, որ մինչև հայրենի գյուղ վերադառնալը՝ զգան իրենց ինչպես հայրենի գյուղում: Մեր ընկերությունը շատ կարևորում է թե՛ սոցիալական, թե տեխնոլոգիական աջակցությունն Արցախին ու թալիշցիներին»,- ասաց Հայկ Եսայանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Թալիշի բնակիչները, անվատնգությունից ելնելով, տեղափոխվել այլ բնակավայրեր: Մոտ 40 ընտանիք ներկայումս բնակվում է Ալաշանում: Առաջիկայում նախատեսվում է նրանց վերադարձը Թալիշ:

































