Երջանկության բաղադրատոմսը, որով 95 տարի առաջ Տոկիոյի հյուրանոցում ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը շնորհակալություն էր հայտնել սուրհանդակին, Երուսաղեմում աճուրդի ժամանակ 1,5 մլն դոլարով վաճառվել է:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Winners աճուրդի տան կայքին:

1922 թվականին դասախոսություններ կարդալու նպատակով Ճապոնիա եկած մեծ ֆիզիկոսը թեյավճար թողնելու համար մանր գումար չուներ:

Չցանկանալով առաքիչին ձեռնունայն ուղարկել՝ նա գերմաներենով մի քանի կյանքի խորհուրդներ գրեց եւ խնդրեց պահել այդ թղթերը՝ բացատրելով, որ ապագայում դրանց արժեքը կարող է սովորական թեյավճարից զգալիորեն բարձր լինել:

«Հանգիստ եւ համեստ կյանքը ավելի շատ երջանկություն է պարգեւում, քան հաջողության հասնելու վազքը անհանգիստ կյանքի հետ համատեղ», հյուրանոցի թղթի վրա գրել է Էյնշտեյնը:

«Եթե կա կամք, կգտնվի նաեւ միջոց», — նշվում է երկրորդ թղթում: