Եվրոպան իր կամուրջները չի այրում Թուրքիայի հետ եւ վերջինիս եվրաինտեգրման գործընթացը դեռեւս մնում է օրակարգում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, թեեւ Թուրքիան անում է այնպիսի հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական պրակտիկայում, սակայն եվրոպական երկրները չեն ցանկանում շատ սրել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Պետք է հաշվի առնել, որ Գերմանիան է Եվրոպայի առաջատար երկիրը, իսկ Անգելա Մերկել շատ հստակ հայտարարեց, որ Թուրքիան իրենց անհրաժեշտ է, դրա համար իրենք կխուսափեք այնպիսի քայլերից, որոնք կշարունակեն սրել իրադրությունը»,-ասաց նա:

Սաֆրաստյանի խոսքով, Եվրոպան իր կամուրջները չի այրում Թուրքիայի հետ եւ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը դեռեւս մնում է Եվրոպայի օրակարգում: Իսկ Թուրքիան, ըստ նրա, օգտվում է այդ վիճակից եւ բարձրացնում խաղաքարտերը եւ ավելի ռիսկային քայլերի գնում Եվրամիության հետ հարաբերություններում:

Հարցին, թե ինչու Եվրոպան իր դռները չի փակում Թուրքիայի առջեւ, թուրքագետը պատասխանեց, որ կան մի քանի գործոններ. Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային հիմնախնդիրներում նրան թույլ է տալիս տարածաշրջանային լուրջ դերակատար լինել, մյուս կողմից միգրացիոն խնդիրները լուծելու համար է Թուրքիան անհրաժեշտ Եվրոպային: