«Սասնա ծռերի» անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու հնարավորություն չտալը եւ՛ օրենքի չիմացություն է,՛ եւ դիտավորություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Նոյյան Տապան» մամուլի սրահում հրավիրված «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքը խախտված է. արվեստագետների դիրքորոշումները եւ անելիքները. պաշտպանի գործողությունները» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու հնարավորություն չտալը օրենքի չիմացություն է, որովհետեւ ոչ մի օրենքով չի արգելվում գրիչներ եւ մատիտներ ունենալը, ընդ որում այս խնդիրը առկա է շուրջ մեկ ամիս, երբ նա տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔՀԿ։ Մյուս կողմից սա դիտավորություն է, որովհետեւ Աշոտ Պետրոսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ է, եւ սա քաղաաքական հետապնդում է իր հայացքների համար»,-նշեց փաստաբանը:
Նրա փոխանցմամբ, Աշոտ Պետրոսյանին թույլ չեն տալիս ունենալ գունավոր թուղթ, մոմամատիտներ, գունավոր գրիչներ. «ՔԿՀ-ները ղեկավարվում են ներքին կանոնակարգով, որըեղ գրված է, որ անազատության մեջ գտնվող անձը կարող է իր մոտ ունենալ գրիչ, բայց գույնը չի հստակեցվում։ Այսինքն, եթե կապույտ գրիչ է, կարելի է, եթե կարմիր է՝ ոչ։ Ավելին, այդ կանոնակարգով թույլատրվում է ունենալ գրիչ, բայց չի թուլատրվում ունենենալ թուղթ։ Այն դեպքում, երբ քրեակատարողական օրենսգրքով, որն ավելի բարձր իրավական ակտ է, խրախուսվում է անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործելու զբաղվածությունը, մինչդեռ երաժշտին արգելված է երաժշտական գործիքներ ունենալ, կամ եթե մարդը նկարիչ է, չի կարող մատիտներ ու գունավոր գրիչներ ունենալ»:
Երգահան Ռուբեն Հախվերդյանը իր հերթին կարծիք հայտնեց, որ Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու հնարավորություն չտալը մեր «քավորսանիկային պետության» մեջ տիրող անարդարության մի մասնիկն է միայն. «Այն դեպքում, երբ մարդիկ զրկված են ապրելու եւ աշխատելու հնարավորությունից, ստեղծագործելու իրավունքը մարդու իրավունքների չնչին խախտում է։ Խնդիրը միայն «Նուբարաշեն» ՔՀԿ-ն չէ, այսօր մեր պետությունն է վերածվել ՔՀԿ-ի, երբ երկրի նախագահը հայտարարում է ինչքան ուզենք կխփենք, ինչը բնորոշ է հանցագործ մեկին»,-ասաց նա։




























