Հայաստանում շատ են ձեռքբերումները, բայց դեռեւս շատ են նաեւ մարտահրավերները: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Իմ ողջ դիվանագիտական գործունեության ընթացքում Հայաստանը եղել է իմ ուշադրության կենտրոնում, մշտապես հետևել եմ հայաստանյան զարգացումներին, և կարող եմ փաստել, թե ինչպիսի երկար ճանապարհ է անցել Հայաստանը այս տարիների ընթացքում, ինչ ձեռքբերումներ է ունեցել հայ ժողովուրդը։ Այստեղ կա գործող բաց շուկայական համակարգ, որը զարգացել և կայացել է, ձևավորված է գործարար միջավայր, որը բաց է, և դա ինձ թույլ է տալիս, որ ես խրախուսեմ ամերիկյան գործարարներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում։

Կենսամակարդակը Հայաստանում 1990-ականների սկզբի համեմատ զգալիորեն փոխվել է, բարելավվել է։ Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել էներգետիկ, կրթական, առողջապահական համակարգերում։ Ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ասպարեզներում նույնպես Հայաստանը կայուն զարգացում է գրանցել։ Քաղաքացիական հասարակության կայունությամբ Հայաստանը կարող է հպարտանալ, քանի որ շատ ավելի լավ ու նպաստավոր պայմաններ են այստեղ ստեղծված, և քաղաքացիական հասարակությունը շատ ավելի ազատ տիրույթում է գործում, քան նրա շատ ու շատ հարևան երկրներում։ Սակայն կան նաև մարտահրավերներ, այդ մասին ևս ես առիթ եմ ունեցել խոսել, կան մարտահրավերներ, արգելքներ, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանն ամբողջությամբ իրացնի իր ներուժը»,-ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Հարցին, թե հատկապես ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի առավել դինամիկ զարգացումը, Ռիչարդ Միլսը պատասխանել է. «Մարդիկ, որոնց հետ ես խոսում եմ՝ ամերիկացի ներդրողներ, գործարարներ նաև՝ տեղացիներ, ընդհանուր առմամբ հաշվետվողականության բացակայության խնդիրն են առաջ քաշում։ Կա այն ընկալումը, թե հասարակության մեջ չկան հավասար պայմաններ։ Խոսքը դատական համակարգից կամ պետական ծառայություններից օգտվելու դեպքերին է վերաբերում։ Եթե այլ բառերով սա բնորոշենք, դա թափանցիկության բացակայության կամ կոռուպցիայի առկայության խնդիրն է»:

Այդուհանդերձ, դեսպանը նշել է նաեւ, որ կան հուսադրող հանգամանքներ. «Օրինակ, այն հանգամանքը, որ ուր էլ որ գնաս, մարդկանց շրջանում չկա այն դիմադրությունը, թե «պետք չէ մեզ օգնել կոռուպցիայի դեմ պայքարում, մի պարտադրեք մեզ ձեր արժեքները»։ Դա նշանակում է, որ հասարակությունը նույնպես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ երկրներում հաճախ հանդիպում ես այնպիսի իրավիճակի, երբ մարդիկ ասում են՝ «մեզ մոտ այսպես է ընդունված, և մենք չենք ցանկանում դրանից հրաժարվել»։ Հայաստանում չկա այդպիսի միջավայր, և դա, կարծես, անհրաժեշտ ջանքերի 80 տոկոսն է, ինչը շատ արժեքավոր է։ Ես կարծում եմ, որ այդ հարցում նաև մենք ենք դեր ունեցել: Աջակցելով, աշխատելով տարբեր կազմակերպությունների, պաշտոնյաների, քաղհասարակության և այլ օղակների հետ՝ մենք կարողացել ենք հասնել այս իրադրությանը»: