Մյանմարում անասնաբույժները հեռացրել են արջի լեզուն, որն այնքան էր մեծացել, որ գետնին էր հասնում։ Այս մասին հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի մամուլի ծառայությունը։

Հիմալայան արու արջին երիտասարդ ժամանակ, երբ նրանց պատրաստվում էին ապօրինի կերպով Չինաստան ուղարկել, փրկել էր վանականներից մեկը։

Շուտով պարզ էր դարձել, որ արջը հազվագյուտ հիվանդությամբ է տառապում, որից նրա լեզուն անհամաչափ աճում է։ 2016-ին արջին արդեն մեկ անգամ վիրահատել էին։ 2017-ի հունիսին պարզ էր դարձել, որ արջի լեզուն վտանգավոր է նրա կյանքի համար, քանի որ այն արդեն գետնին էր հասնում։ Օտարերկրյա բժիշկների օգնությամբ կենդանուն վիրահատել էին եւ հեռացրել 3 կգ ավելորդ հյուսվածք։ Վիրահատությունը տեւել է 4 ժամ։

Գիտնականները կարծում են, որ ուռուցքը փղի հիվանդության պատճառով է ի հայտ եկել։