Դոնի Ռոստովի ոստիկանության ղեկավարությունը որոշում է կայացրել արգելել փողոցներում կովկասյան պարերը, որի պատճառը Ռոստովի համալսարանի ուսանողի մահն է եւ դրան հաջորդած հիշատակի հանրահավաքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Տեղի սփյուռքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մենք հորդորեցինք բացատրական աշխատանք տանել իրենց երիտասարդների հետ»,- լրագրողներին հայտնել է Ռոստովի ՆԳ վարչության պետ Ալեքսեյ Լապինը:
Քաղաքի փողոցներում կովկասյան պարերն արգելելու առաջարկով հանդես էր եկել նախաձեռնող խումբը, որը նաեւ առաջարկում է քաղաքի փողոցներում նվազեցնել ազգային ավանդույթների դրսեւորումները, ուժեղացնել պայքարը հարբեցողության դեմ եւ կարգ ու կանոն հաստատել մասնավորապես, հանրակացարաններում:
«Ալեքսեյ Լապինը համաձայնել է ամեն հանրակացարանի մի տեսուչ կցել, որը պարբերաբար կշփվի ուսանողների հետ»,- ասել է փոխնահանգապետ Սերգեյ Գորբանը: Բացի այդ, նրա խոսքով, այս թեմայի հետ կապված բոլոր անանուն զանգերի հետքերով ոստիկանությունը աշխատանքներ կտանի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Մաքսիմ Սիչովն այցելել է հանրակացարան, որից վերադառնալով ասել է, թե իրեն վատ է զգում, ապա կորցրել է գիտակցությունը: «Շտա օգնության» աշխատակիցները բռնության ոչ մի հետք չեն հայտնաբերել նրա մարմնի վրա եւ կասկածելով, որ նա թունավորվել է, տեղափոխել են տեղի հիվանդանոցի տոքսիկոլոգիական բաժին: Երիտասարդը այդպես էլ ուշքի չգալով մահացել է նոյեմբերի 27-ին:
Հետագայում ոստիկանությունը պարզել է, որ տեղի համալսարանի ուսանողներից մեկը Սիչովի նկատմամբ ըմբշամարտի հատուկ հնարք է իրականացրել, որից հետո Սիչովն ընկել է գետնին եւ գլխով հարվածել գետնին: Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է, ապա կալանավորել:
Սիչովի հիշատակի արարողությունը վերածվել է զանգվածային բողոքի երթի, որը ոստիկանությունն արգելել է, քանի որ դրա ժամանակ հնչել են ազգայնական ու ծայրահեղական կոչեր:





























