Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում բարձրացրեց «Դիլիջան ազգային պարկ»-ում վերջին տարիներին 6 հազարից ավելի հատված ծառերի հարցը:

«Հարցս ուղղում եմ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Դուք հայտարարեցիք, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 6 հազարից ավելի ծառ է հատվել վերջին 3 տարում: Արդյոք սա նշանակում է, որ իրավապահ մարմիններն ու պատասխանատու կառույցները ձախողել են իրենց աշխատանքը եւ դուք ստիպված դիմել եք մասնավոր պահնորդական խմբին»,- հարցուպատասխանի ժամանակ ասաց Լենա Նազարյանը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի կարելի սա ձախողում համարել, Հանրապետության նախահգահի հանձնարարականն է եղել սահմանել խիստ հսկողություն եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:

«Մասնավոր պահնորդական ընկերության ծառայություններից օգտվելը փորձնական տարբերակ է եւ միայն հաջորդ տարվա սկզբին կարող ենք ասել՝ հաջողված տարբերակ է, թե ոչ»,- ասաց նախարարը:

Լենա Նազարյանը հետաքրքրվեց՝ հարուցված քրեական գործի շրջանակում որեւէ պաշտոնյա ներգրավված է, Արծվիկ Մինասյանը խուսափողական պատասխան տվեց. «Քրեական գործ կա հարուցված, կատարվում են քննչական անհրաժեշտ գործողություններ, կան կասկածյալներ, անձինք, որոնց մեղադրանքներ կան առաջադրված: Մենք սպասում ենք նախաքննության ավարտին»: