Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կարծես այլեւս չի հավատում, որ Գյումրիում մի օր կկառուցվի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը:
«5 տարի է՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը չի կառուցվում, չնայած խոստումը տվել են, բայց չեն կառուցում, նույնիսկ համապատասխան նախագիծը չկա: 5 տարի է՝ խոստումներ ենք լսում, էդ խոստումները վաղուց կան, ասում եմ՝ եթե խոստում տվել են, լավ կլինի կատարեն»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հարցուպատասխանի ժամանակ ասաց Շիրակի նախկին մարզպետը:
Այս խոսքերն ակնհայտորեն դուր չեկան սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա մի քանի անգամ կրկնեց, որ իրենց տված խոստումները կատարվում են:
«Մենք որոշել ենք, որ նոր դպրոց պետք է կառուցել, մինչեւ այս ամսվա վերջ կավարտենք նախագծային աշխատանքները: Արթուր Ալեքսանյանին վայել միջազգային չափանիշներին համապատասխան մարզադպրոց ենք ուզում կառուցել: Հաջորդ տարվանից մենք կսկսենք աշխատանքները»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը մարզվում է անմխիթար վիճակում գտնվող մարզադպրոցում: Մի քանի տարի է՝ պաշտոնյանները հայտարարում են, որ նոր մարզադպրոց է կառուցվելու, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:




























