«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը երիտասարդության մեջ մեծ խանդավառություն է առաջացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: 

Նշենք, որ մի շարք  բուհերի ուսանողներ հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց էին անում ընդդեմ  օրենքի այն դրույթի, որով ուսման տարկետման իրավունքը հանվում է, եւ 18 տարին լրանալուց հետո բոլորը զորակոչվելու են բանակ:

Հարցին՝ պարտադիր զինծառայությունից խուսափում են նաեւ այլ ճանապարհներով, որոնք օրենքի այս փոփոխություններով չեն փակվում, ին՞չ խնդիր են այսպիսով փորձում լուծել, պատգամավորը պատասխանեց. «Ես իմ օրինակով կասեմ՝ իմ զավակները ծառայել են, մնացած ճանապարհների  մասին ես տեղյակ չեմ: Ես բոլոր ժամանակներում ծառայելու կողմնակից եմ եղել: Բոլորն են պարտավոր ծառայել՝ անկախ կուսակցական պատկանելությունից»: