Գերմանիան ողջունել է Թուրքիայում իրավապաշտպան Պետեր Շթոյդներին կալանքից ազատելը, որը մի քանի ամիս բանտարկված էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա խրախուսող ազդանշան է, առաջին քայլը: Ես ուրախ եմ, որ մեր միջնորդություններն առաջին պտուղն են տալիս»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի Ստամբուլի դատարանը ստորագրությամբ չհեռանալու պայմանով կալանքից ազատել էր 8 իրավապաշտպանների, այդ թվում՝ Amnesty International-ի Թուրքիայում ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին, ինչպես նաեւ Պետեր Շթոյդներին՝ մինչեւ նրանց գործի դատաքննության ավարտը: Ակտիվիստները ձերբակալվել էին հուլիսի 6-ին Ստամբուլի հյուրանոցներից մեկում համաժողովի ժամանակ: Նրանց մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Դրանից զատ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Amnesty International-ին մեղադրել էր երկրում նոր հեղաշրջման փորձի նախապատրաստման մեջ:

Շթոյդների կալանավորումը Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկն էր: