«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Խորհրդարանական միջանցքներում պաշտոնյաները եւ լրագրողները երբեմն ընդհարվում են` հիմնականում այն պատճառով, որ առաջինները հաճախ չեն ցանկանում պատասխանել հարցերին, իսկ երկրորդները «վիզ են դնում» այդ պատասխանները ստանալու համար: Երկուշաբթի նման միջադեպ տեղի ունեցավ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Լրագրողներն իրենց գործն են անում, նրանց նպատակը նյութ ստանալն է: Նաեւ պետք է հաշվի առնել համացանցային լրագրության առանձնահատկությունները, երբ խուսանավող պաշտոնյայի հետեւից վազելը, «ախրանայի» դիմադրությունը հաղթահարելը ու «սուր հարցեր» հնչեցնելը YouTube-ում զգալիորեն ավելի շատ դիտումներ կբերի, քան ցանկացած նախարարի ցանկացած հարցի պատասխան:

Պաշտոնյաները պետք է այդ ամենը հաշվի առնեն եւ բոլոր պարագաներում դրսեւորեն զսպվածություն եւ համբերատարություն: Ես վստահ եմ, ավելի լավ է` լինեն հարյուրավոր կայքեր, հարյուրավոր հակադիր կարծիքներ, հարյուրավոր լրագրողներ եւ հարյուրավոր հարցեր` երբեմն թարսուշիտակ եւ «անտակտ», քան լինի «ակադեմիական անդորր»` բրեժնեւյան լճացմանը հատուկ «փոխըմբռնման մթնոլորտով»: Կամ մեկը, կամ մյուսը` այստեղ միջինը չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում