«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ չէր ներկայացել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, բայց սա չխանգարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ բավականին հետաքրքիր հարցուպատասխան ունենալ նրա հետ։
Փաշինյանն ասաց․ «Վերջերս մամուլում լուրեր հրապարակվեցին, թե Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը հանդիպել են եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը, իսկ Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետի։ Փաշինյանը վարչապետ Կարապետյանին խնդրեց տեղեկացնել՝ ճի՞շտ են այդ լուրերը, թե ոչ, որովհետեւ «շատերը Ձեզ փորձում էին ներկայացնել որպես փոփոխությունների ավետաբեր, եւ այս հարցի պատասխանից է կախված՝ փոփոխությունների ավետաբե՞ր եք, թե ճահճացման մունետիկ»։
Դժվար է ասել, թե Կարեն Կարապետյանը երբ կանդրադառնա Փաշինյանի այս հարցադրմանը, բայց քանի դեռ հիշատակված լուրերը չեն հաստատվել, թեման մնում է ներքաղաքական կյանքի հիմնական ինտրիգը։ ԱԺ եւ քաղաքական կուլիսներում, լրագրողական շրջանակներում արդեն բավական ժամանակ լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում ակտիվ լոբբինգի աշխատանքներ են տարվում, եւ ինչ-որ ուժեր փորձում են ՀՀԿ գործող պատգամավորներին համոզել, թե 2018 թվականի ՀՀ վարչապետի իրենց թեկնածուն պետք է լինի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը։ Որպես այս պրոցեսի հովանավոր նշվում է ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունը, որի եղբայրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Թե ինչքան են այս լուրերը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել։ Հնարավոր է սա բամբասանք է, հնարավոր է՝ իրականություն։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, արձագանքում է այդ լուրերին՝ իր որոշ գործողություններով։
Վերջին մեկ ամսվա ընթացքում նա նախ այցելեց ՀՀ քննչական կոմիտե՝ ելույթ ունենալով եւ դիտողություններ անելով ՀՀ քննչական էլիտայի առաջ, դրանից հետո ոստիկանության կոլեգիայի նիստին մասնակցեց նույն ոճով։ Այս այցերի կարեւորագույն կոնտեքստը ներքաղաքականն է։ Ներիշխանական ինտրիգների մթնոլորտում Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ տիրապետում է երկրի իրավական-ուժային լծակներին, մյուս կողմից ոստիկանությունում եւ քննչականում լինելով, փորձում է «մուշտարու աչքով» գնահատել դրանցում տիրող մթնոլորտը, հասկանալ՝ իրենց անելիքը լա՞վ են պատկերացնում Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, թե՞ նրանց թոշակի ուղարկելու ժամանակն է։
Ի դեպ, կանխարգելիչ նման միջոցառումներ ՊՆ-ում Սարգսյանը դեռ մի տարի առաջ էր սկսել իրականացնել։ Նախ նա Պաշտպանության նախարար նշանակեց իր երկարամյա մերձավոր Վիգեն Սարգսյանին, իսկ արդեն այս տարվա մայիսին նախարարի առաջին տեղակալ նշանակեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանին, որը թերեւս ապացուցել է իր հավատարմությունը Սարգսյանին։ Պաշտպանության փոխնախարար նշանակվեց նաեւ նույն չափանիշին համապատասխանող մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր․ ԱԺ կրթության եւ գիտության հարցերի հանձնաժոողովի նախագահ Արտակ Դավթյանը։
Զինված ուժերի մասով Սարգսյանը կարող է իրեն հանգիստ զգալ այսպիսով, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր երկարամյա օգնական Գեորգի Կուտոյանն է։
Ընդ որում, հետաքրքիր է, որ Սարգսյանը անընդհատ խոսում է երկարաժամկետ ծրագրերից՝ 18 թվին սա ենք անելու, առաջիկա հինգ տարում սա ենք անելու... Ընդ որում, սա ասում է նաեւ ուժայինների առաջ խոսելիս։ Այսպիսով, Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուն։ Իսկ Կարեն Կարապետյանը Աժ ամբիոնից դեռ երեք ամիս առաջ հայտարարեց, որ ինքն է հավակնում այդ պաշտոնին։ Այնպես որ՝ նա երկար պետք է մտածի Փաշինյանի հարցին պատասխանելուց առաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























