Շվեդ դատախազները բողոքարկել են Ստոկհոլմի դատարանի որոշումը, որի համաձայն՝ Bombardier ընկերության աշխատակից ՌԴ քաղաքացի Եվգենի Պավլովը, որը մեղադրվում է ընկերության համար 340 մն դոլարի պայմանագիր կնքելու համար Ադրբեջանում պետական պաշտոնյայի կաշառելու մեջ, ազատ է արձակվել, հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները։

Տեղեկության համաձայն՝ 2017-ի հոկտեմբերի 4-ին՝ 7-ամսյա կալանքից հետո, Եվգենի Պավլովն ազատ է արձակվել։ Դատարանը կարծում է, որ ադրբեջանցի պաշտոնյաների ու Պավլովի միջեւ կոռուպցիոն համաձայնության մասին բավարար ապացույցներ չեն ներկայացվել։ Ընդ որում, դատարանն ընդունել է այն փաստը, որ Պավլովը էլեկտրոնային նամակագրությամբ բանակցություններ էր վարում Ադրբեջանին Multiserv Overseas օֆշորային ընկերության միջոցով երկաթուղիների համար անվանական արժեքից թանկ գնով ազդանշանային սարքավորումներ մատակարարելու մասին։ Դատարանը կարծում է, որ նման բարձր գները դեռեւս չեն ապացուցում, որ Պավլովն ու ադրբեջանցի պաշտոնյաները կոռուպցիոն համաձայնություն են կնքել։ «Գլխավոր հարցն այն է, թե այդ պայմանագրով եկամուտները ստացվել են արդար ճանապարհով, թե ոչ»,– ասել է դատախազ Թոմաս Ֆորսբերգը։ Դատախազության խոսքով՝ «Ադրբեջանի երկաթուղիներ»–ի անանուն պետծառայողին 100 մլն դոլար են վճարել։

Bombardier–ի եւ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ–ի միջեւ գործարքի արժեքը կազմել է մոտ 340 մլն դոլար։ Դրանից ստացված «ատկատը» կազմել է 100 մլն դոլար։ Պայմանագրի ստորագրման պահին Ադրբեջանի տրանսպորտի նախարարը Զիա Մամեդովն էր, իսկ «Ադրբեջանի երկաթուղիները» ղեկավարում էր Արիֆ Ասկերովը։