Մենք պետք է մաս կազմենք ապագայի նորարարություններին: Այս մասին, հոկտեմբերի 25-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից Արցախ ժամանած մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, ո ողջունելով ուսանողներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ կրկնակի ուրախությամբ է ընդունում նրանց, քանի որ նախքան Արցախյան պատերազմը՝ ինքը եւս ուսանել է ՀՊՏՀ-ում: Պետնախարարն այնուհետեւ ներկայացրել է վերջին տասը տարիների ընթացքում Արցախի գրանցած տնտեսական հաջողությունները, ինչպես նաեւ խոսել է տնտեսության մեջ առկա հիմնական օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների մասին:
Ա. Հարությունյանն անդրադարձել է նաեւ գլոբալ տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացումներին եւ հորդորել ուսանողներին, որպես ապագա տնտեսագետներ ու որոշում կայացնողներ, ուշադիր լինել այդ գործընթացների հանդեպ եւ շարժվել արդի միտումներին համընթաց:
«Աշխարհն այսօր անընդհատ առերեսվում է էլեկտրոնային հեղափոխական գործընթացների, որտեղ, այլ նորարարությունների կողքին, ձեւավորվում է նոր՝ կրիպտոարժույթ, եւ բազմաթիվ երկրներ արդեն թույլ են տվել դրա օգտագործումը տարբեր ապրանքների գնման ու ծառայությունների մատուցման համար:
Հետեւե՛ք, օրինակ, բիթքոյնի առաջընթացին, որը սկսել է շատ դեպքերում մրցակցել ազգային արժույթների հետ: Մենք պետք է հետ չմնանք այս եւ այլ արդի զարգացումներից, այլապես ավելորդ կդառնա տնտեսության շարունակական զարգացման մասին խոսելը: Այդ ճանապարհին կարեւոր նշանակություն ունի ճկուն եւ առաջադեմ կրթական համակարգի առկայությունը, ինչը կօգնի ուսանողներին ու պետությանը մաս կազմել ապագայի նորարարություններին եւ առաջ մղել սեփական տնտեսությունը»,- ասել է պետնախարարը:



























