Փաստացի չկան բանակցություններ, կան հանդիպումներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, որոնց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն Ադրբեջանը մշտապես խախտում է: Այս մասին, հոկտեմբերի 25-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից Արցախ ժամանած մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երբ լինեն իրական բանակցություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, համոզված եմ, որ Արցախը, որպես լիարժեք կողմ, մաս է կազմելու դրանց: ՀՀ նախագահն էլ է բազմիցս ընդգծել, որ հակամարտության կարգավորման ճանապարհին որեւէ որոշում պետք է կայացվի Արցախի ժողովրդի մասնակցությամբ»,- նշել է Ա. Հարությունյանը:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը եւ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: