Դեկտեմբերի 14-ին ձայների մեծամասնությամբ Լոնդոնի հայաշատ թաղամասերից Իլինգի Քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տեղի Հայ Դատի հանձնախմբից, բանաձեւը քվեարկության էին ներկայացրել քաղաքապետարանի կազմում մեծամասնություն կազմող լեյբորիստական կուսակցության անդամները, որոնց շարքում է նաեւ հայազգի Արա Իսքենդերյանը, ով իր կարեւոր դերակատարությունն է ունեցել այս հարցում:

Քվեարկությանը որպես դիտորդ ներկա է եղել նաեւ Լոնդոնահայ գաղութի Համայնքային եւ Եկեղեցական խորհուրդի նախագահ՝ Արա Փալամուդյանը եւ տեղի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբի ատենապետ Սեւան Արթինը, որոնց համատեղ ջանքերով հնարավոր է եղել երկար ժամանակ սպասված այս որոշումն իրականացնել։

Այս որոշումով հնարավոր եղավ ճշտել նաեւ Եղեռնին նվիրված, Հայաստանից բերված ու արդեն իսկ Իլինգ թաղամասի հրապարակում տնկված, Ծիրանի հուշածառի տակ զետեղվելիք գրության բնագիրը:

Նշենք, որ 2009-ի ապրիլին, վերջին վարկյանին արգելվել էր գրության զետեղումը՝ Քաղաքապետարանի այդ ժամանակվա թուրքամետ պաշտոնյաների կողմից։ Բնագրի մեջ հստակորեն նշված է Ցեղասպանություն բառը։