Վաշինգթոնում «Ի պաշտպանություն քրիստոնյաների» խորագրով համաժողովը պատասխան է Միջին Արեւելքում քրիստոնյաների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած անտարբերության։ Այս մասին, համաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նշենք, որ համաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-26-ին:
Համբարյանի խոսքով, Վաշինգթոնը պետք է առաջատարի դեր ստանձնի Միջին Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության եւ քրիստոնեության ու կրոնական ազատությունների պահպանման հետ կապված նախաձեռնությունների մեջ՝ հավելելով, որ կարելի է միաժամանակ արդար եւ հզոր լինել:
Նշենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը այս տարի եւս համաժողովի հովանավորներից մեկն է՝ «Ֆիլոս» ծրագրի, Կրոնական ազատությունների հիմնարկի, Կրոնների եւ ժողովրդավարության հիմնարկի եւ Լիբանանյան տեղեկատվական կենտրոնի հետ միասին:
Համաժողովին մասնակցում են մեծ թվով քաղաքական եւ հոգեւոր առաջնորդներ։
Հայ Դատի ներկայացուցիչները նաեւ քննարկման նյութ պիտի դարձնեն Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը, Իրաքում եւ Սուրիայում ցեղասպանությունների զոհերին օգնության տրամադրումը, «Իսլամական պետություն», «Ալ Կաիդա» եւ ցեղասպանություն իրականացրած այլ կազմակերպություններ պատժելու հնարավորությունները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչում ու վնասների փոխհատուցում ապահովելու ջանքերը:
«Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովի կրոնական խորհրդակցական մարմնի մաս են կազմում Արեւելեան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյանը եւ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության հոգեւոր հովիվ վեր. Պերճ Ճամպազհանը, որոնք մասնակցել են նաեւ մամուլի ասուլիսին հաջորդած միջեկեղեցական պատարագին:




























