ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պատկերացումները անձնական վիրավորանքի մասին տարբեր են: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային Ժողովում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, այն բանից հետո, երբ Խոսրով Հարությունյանը ամբիոնից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորին մեղադրեց իրեն վիրավորելու մեջ: Բանն այն է, որ նախորդ նիստի ժամանակ Խոսրով Հարությունյանը նստած տեղից դիտողություն էր արել Միքայել Մելքումյանին, Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, թե «Ծառուկյան» դաշինքին որեւէ մեկը չի կարող սպառնալ եւ կոչ արել խոսրով Հարությունյանին տեղից չխոսել:

«Ես չէի կարծում, որ այս նախագծի քննարկումը պարոն Հարությունյանը պետք է վերածի անձնական հաշիվներ մաքրելու: Նորից եմ կրկնում՝ «Ծառուկյան» դաշինքին որեւէ մեկը չի կարող սպառնալ, ոչ երեկ, ոչ այսօր եւ ոչ էլ վաղը: Եթե ես դահլիճում հնչած դիտողություններին արձագանքել եմ եւ դա որպես անձնական վիրավորանք է արձանագրվել, ապա անձնական վիրավորանքի իմ եւ ձեր մոտեցումները խիստ իրարամերժ են»,-ասաց նա: