Հայաստան-ԵՄն ստորագրվելիք փաստաթղթում Հայաստանի համար որեւէ վտանգավոր կետ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Այդ համաձայնագրում որեւէ վտանգավոր կետ չկա Հայաստանի համար հիմնական հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Բոլոր հարցերի պատասխանները կան այդ փաստաթղթում, եւ մենք որեւէ անգամ նախքան համաձայնագրի նախապատրաստումը չենք ժխտել մեր համագործակցությունը Եվրամիության մեր գործընկերների հետ: Եվ այս համաձայնագիրն ավելի է հաստատում մեր ապագա համագործակցությունը թե տնտեսական ոլորոտում, թե քաղաքական»,- ասաց նա:

Բաղդասարյանը նշեց, որ մտավախություն կար, որ Հայաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց եւ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կարող էին խիստ վատանալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, բայց դրա պատասխանն այն է, որ Եվրամիության հետ Հայաստանի առեւտաշրջանառությունն աճեց 35 տոկոսով:

Հարցին, թե վիզաների ազատականացման վերաբերյալ քննարկումներ սկսվե՞լ են Եվրամիության հետ, Բաղդասարյանը պատասխանեց, որ առայժմ դեռ նման քննարկումներ չկան: «Ամեն ինչ փուլերով է, եւ մենք համբերատար կսպասենք մինչեւ պաշտոնական վավերացումը: Եվ, այո, կան խնդիրներ, որոնք պետք է առաջ քաշենք: Ձեր նշած խնդիրը հրատապներից է»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններին, թե մի բան է համաձայնագիր ստորագրելը, այլ հարց  դրա դրույթներն իրագործելը, գործնականում կոռուպցիայի ու այլ երեւույթների դեմ պայքարելը, ինչը ԵՄ պահանջ է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն պատասխանեց, որ ընդդիմադիրներից այլ հայտարարություն չէր էլ սպասում. «Մենք լծված ենք այդ գործին, բայց արդյունքներից գոհ չենք եղել: Ինձ թվում է՝ Եվրամիության հետ այս համագործակցությամբ ու նրանց օժանդակությամբ մենք կարող ենք ավելի ինտենսիվացնել մեր պայքարը եւ կոռուպցիայի, եւ մենաշնորհների դեմ: Այդ համաձայնագրում, այն քաղաքական բոլոր պայմանավորվածությունները, որոնք կան, դրանք իրենց մեջ ընդգրկում են կոռուպցիայի դեմ պայքարի էլեմենտներ»,- ասաց նա: