Ընտրությունից մի շաբաթ առաջ հիշեցի՞ն, որ Սիսիանի քաղաքապետը ծնունդ է ունեցել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Սիսիանի քաղաքապետի ծննդյան զվարճալի տեսանյութին:
Վահրամ Բաղդասայանը հիշեցրեց, որ իր 15-ամյակն էլ են մեծ շուքով նշել:
«Իմ 15-ամյակն էլ շուքով են նշել, էն ժամանակ չկար նկարահանումներ, բայց ֆոտոներ կուղարկեմ ու կասեք 15 տարեկանը էս ինչ ճոխ է նշել»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ Սիսիանում կայանալիք ընտրությունից առաջ դիտավորյալ են հրապարակել այդ տեսանյութը, բայց իրականում ծննդյան տոնը նշելը ոչ մի աղերս չունի ընտրության հետ, ապրզապես աշխատակիցներն անակնկալ են արել:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես են Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորում քաղաքապետ Արթուր Սարգսյանին: Հրավառություն, փուչիկներ եւ քաղաքապետի նկարով շապիկներ հագած աշխատակիցներ: Տեսանյութը քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել սոցցանցերում, կարճ ժամանակ անց այն ջնջվեց:
Այս առնչությամբ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Կառավարության ուշադրությունն է հրավիրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին ծննդյան տոնի վերաբերյալ տեսանյութի վրա. «Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու սարքելու տեղ չի, աշխատակիցներին սեփական լուսանկարով վերնաշապիկ հագցնելու վայր չի: Սա լուրջ խնդիր է եւ զարմանում եմ, որ որեւէ արձագանք նշյալ վոդեվիլին չկա»:
Ինքը՝ Սիսիանի քաղաքապետը նշել է, որ դա եղել է ապրիլի 28-ին ու զարմանալի է, որ հիմա է աղմուկ բարձրանում:




























