Որոշ մարդիկ չպետք է Նապոլեոն Բոնապարտի կեցվածք ընդունած գան ԱԺ. 1990-1994 թվականներին, երբ իրենք ուսանող էին, իրենց ուսանող ընկերներից շատ-շատերը ռազմաճակատում էին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին:
Նրա խոսքով, այդ ժամանակ երկրի խնդիրն օրհասական էր. Հայաստանը կարող էր լինել, կարող էր չլինել, իսկ այսօրվա ինքնավստահ կեցվածքով հանդես եկողները նստած համալսարանում սովորում էին:
«Համալսարանական ջոկատներում ռազմաճակատում կռվող տղաները հետո վերադարձան, ուսումը շարունակեցին: Այդ առումով չծառայած մարդիկ պետք է դիսկոմֆորտ ունենան: Բնական չէ, որ չունեն, լավ չէ, որ չունեն: Ես չեմ ասում, որ երկիրը պիտի բաժանենք պատերազմի մասնակցածների եւ չմասնակցածների, ուղղակի մասնակիցներին՝ օրինակ մեր խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին պետք է առավելություն տանք: Այն ժամանակ նա երկրորդ կուրսում էր եւ ոտքը կորցրեց»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:
Հիշեցմանը, որ բանակում չի ծառայել նաեւ իրենց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը նման օրենք բերեր, ես կասեի՝ չես ծառայել, ինչո՞ւ ես նման օրենք բերում: Պետք է բերվեն օրենքներ, որոնք հանրությունը հասկանում է, ընկալում եւ աջակցում է: Եթե կան խախտումներ եւ չարաշահումներ, այդ չարաշահումների դեմ պետք է պայքարել: Իրականում ամբողջ խնդրի էությունը 12-ամյա կրթության օրենքի մեջ է: Երբ ընդդիմությունը հակադարձում է, իսկ իշխանությունը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի նման պաշտոն եւ կրթություն ստացած մարդու, չի կարողանում դիրքերի վրա մնալ, հունից դուրս է գալիս, նշանակում է՝ ընդդիմությունը շատ լավ է աշխատել»,- նշեց պատգամավորը:




























