Ղարաբաղյան շարժման առաջին հրապարակային երթը սկսվել է հենց այս շենքից 1988թ. փետրվարի 13-ին. Արցախի պետական համալսարանում ստեղծված ուսանողական շարժումներն են տարիներ առաջ նպաստել, որ Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման պահանջը դառնա համազգային գաղափար եւ պայքար: Համալսարանի վրա փակցված ցուցանակն էլ է առաջին հերթին այցելուների ուշադրությունը հրավիրում այս փաստի վրա:
Արցախի պետական համալսարանը բավականին հետաքրքիր պատմություն ունի: 1969թ.-ին ստեղծված համալսարանն ի սկզբանե կոչվում էր «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ», 4 տարի անց այն դարձավ Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ: Ղարաբաղյան պատերազմի տարիներին համալսարանի բոլոր ուսանողներն ու դասախոսները մեկնեցին ռազմաճակատ, դասերը դադարեցվեցին, իսկ հայկական ու ռուսական ֆակուլտետները ժամանակավորապես տեղափոխվեցին Վանաձոր: Հատկանշական է, որ Արցախյան պատերազմի թեժ տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի կառավարությունը որոշեց վերաբացել համալսարանը՝ այն անվանելով Արցախի պետական համալսարան:
Ուղիղ 25 տարի է անցել: Համալսարանի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է պահպանել ձեռքբերածն ու միջազգային փորձը հասցնել Ստեփանակերտ: Պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ոգեւորվածությամբ է նշում, որ ունեն տեխնիկապես հագեցած լսարաններ, դրանք իհարկե շատ չեն, բայց համալսարանին բավարարում է:
«Հիմնական մասնաշենքն է անհրաժեշտ վերանորոգել, բարերար ունենք արդեն, կարծում եմ՝ երկու տարվա ընթացքում կունենանք ամբողջությամբ վերանորոգված համալսարան: Ցավոք սրտի, երկրորդ մասնաշենքը ստիպված ենք փայտով ջեռուցել, բայց անհրաժեշտ տաքությունն ապահովում ենք»,- ասում է պրոռեկտորը:
Համալսարանում ջեռուցումը միացնելու են նոյեմբերի 15-ից, սակայն փայտն արդեն գնել են, կտրատել ու դասավորել համալսարանի հետնամասում:
Ղեակավարությանն այնքան շենքային պայմանները չեն մտահոգում, ինչքան ուսանողների թվի նվազումը: «Նվազման միտում կա, 2018-2019թթ. ուստարին ավելի վատ է լինելու, որովհետեւ 735 շրջանավարտ է լինելու ամբողջ Արցախում, սա նշանակում է, որ ուսանողների թիվը զգալիորեն կնվազի»,- նշում է Վալերի Ավանեսյանը:
Չնայած սրան՝ համալսարանը չի պատրաստվում ուսման վարձերը բարձրացնել. առանց այն էլ սահմանված գումարը ծնողները դժվարությամբ են տալիս: Նշենք, որ ուսման վարձերն այստեղ տատանվում են 230-400 հազար դրամի սահմաններում՝ կախված ֆակուլտետից:
«Մեր բյուջեն տարեկան մոտ 1 մլրդ դրամ է, որից 90 տոկոսը գնում է աշխատավարձերին, դրա համար համալսարանի զարգացման համար բավարար գումար չի մնում: Մեզ մոտ, չնայած, աշխատավարձերը Երեւանի հետ համեմատած մի քիչ բարձր են»,- ասում է պրոռեկտորը:
Նշենք, որ այս համալսարանը գրանցված է ՀՀ ռեեստրում եւ տրամադրած դիպլոմը համարժեք է ՀՀ պետական բուհի դիպլոմին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան/NEWS.am



























