Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյանի ու Մոսկովյանի փողոցների հարակից հատվածում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Մայրաքաղաքի փողոցների բեռնաթափումը տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառի առանցքային խնդիրներից է, եւ մեքենաների քանակի շարունակական աճի դեպքում պահանջում է հրատապ լուծումներ: Ակնհայտ է, որ ճանապարhների գերբեռնվածությունը բնորոշ է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներին, որտեղ տեղակայված են ուսումնական եւ պետական հաստատություններ, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ:

Ճանապարհների սահմանափակ լայնությունը նվազեցնում է դրանց թողունակությունը, իսկ փողոցներում մեքենաների կայանումը ավելի է սրում այս խնդիրը: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ փողոցներում կայանման արգելքը եւս հնարավոր չէ առանց համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծման:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից՝ «շրջանայինը», հագեցած է վերոնշյալ հաստատություններով եւ բնորոշ է իր մեջ ներառող նեղ փողոցներով, ինչպիսին են Իսահակյանը, Տերյանը, Աբովյանը, Մոսկովյանը եւ հարակից այլ փողոցները:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ գտնում եմ, որ նշված փողոցների հարակից հատվածում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցումը եւ նշված փողոցների երթեւեկելի գոտիների ազատումը էապես կբարելավի քաղաքի այս բանուկ հատվածի երթեւեկությունը:

Առաջարկում եմ՝ համապատասխան տրանսպորտային հոսքերի հաշվարկի եւ տարածքի կայանատեղիների բեռնվածության ուսումնասիրության համապատասխան արդյունքի դեպքում, դիտարկել Իսահակյան փող. 35 հասցեով շինության (ՍԱՍ սուպերմարկետի) տարածքի՝ հանրային գերակա շահ ճանաչելու եւ այդ տարածքում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցելու հարցը:

Այդ տարածքը հավասարահեռ է կից բեռնված փողոցներից եւ տրանսպորտային մեծ հոսքեր ապահովող հաստատություններից, եւ կարող է ընդգրկել երկայնական կայանման ավտոկայանատեղիների մեծ շառավիղ: