Ծնողները հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից եւ լքում են Հայաստանը, իսկ նրանց երեխաներին շարունակում են ՀՀ քաղաքացիներ  համարել։ Այս մասին  հոկտեմբերի 26-ին ԱԺ–ում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ելույթ ունենալով «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը։

Ընդ որում, շատ քաղաքացիներ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում են գրում, սակայն ուղղակի չեն սպասում իրենց դիմումի բավարարմանը։ «Նրանք շարունակում են ՀՀ քաղաքացիներ համարվել, նրանց  երեխաները՝ նույնպես։ Նորից գալով Հայաստան՝ նրանք տարատեսակ հարցերի, այդ թվում՝ բանակում ծառայելու խնդրի առաջ են կանգնում»,– ասաց պատգամավորը։

Դրան ի պատասխան՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ այդ երեխաների ծնողները պետք է մտածեն բոլոր իրավական ընթացակարգերի մասին, նախքան երկրից հեռանալը։