Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը 25 օր տեւած հացադուլից հետո տկար եւ ուժասպառ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը, որը երեկ է տեսակցել նրան: Նա նշեց, որ հացադուլից հետո Ներսես Պողոսյանին ՔԿՀ բուժմաս են տեղափոխել, այնտեղ մնացել է ընդամենը երկու օր, որից հետո նրան խուց են տեղափոխել: Արայիկ Պապիկյանի խոսքով, Ներսես Պողոսյանին դեղորայքային բուժում են նշանակել, սակայն, քանի որ նրան այդ վիճակում տեղափոխել են խուց, նա որպես բողոքի նշան հրաժարվել է ընդունել դեղորայքը:
Պաշտպանի խոսքով, 25 օր հացադուլի մեջ գտնված Ներսես Պողոսյանի ոտքերն այնքան են այտուցվել, որ չի կարողանում անգամ կոշիկ հագնել եւ այդ վիճակում նրան բուժմասից խուց տեղափոխելը անմարդկային է: Արայիկ Պապիկյանը նշեց, որ մի շարք դիմումներ է պատրաստել, որոնք ներկայացնելու է ՔԿՎ եւ «Նուբարաշեն» ՔԿՀ, որոնցով միջնորդություն է ներկայացնելու լուծել իր պաշտպանյալի բուժման հարցը:
Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության լիարժեք հրապարակայնություն, իրեն վիրավորած դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկ եւ իր խափանման միջոց կալանքի փոփոխում:
Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ էր սկսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո: Նա հացադուլ սկսելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել էր նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր պաշտպանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:



























