Նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու,  5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2  համայնքում՝ 6-ական թեկնածու:

Նշենք, որ նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը լրացել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ին: