Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի թեժ քննարկումը ստիպում է պատգամավորներին արդարանալ, հիմնավորել ու բացատրել, թե ինչու են իրենք կամ իրենց որդիները խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։
Հատկանշական է, որ նախագիծը մոլեռանդորեն պաշտպանում են հենց զինծառայությունից խուսափած ՀՀԿ–ականներն ու այն նախկին պաշտոնյաները, որոնք այս կամ այն փաստաթղթով որդիներին ազատել են բանակից։ Վերջիններիս թվում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ–ական Վարդան Ղուկասյանը, որը կողմ է ուսման տարկետումը հանելուն։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սովորողը բանակից հետո էլ կսովորի, իսկ այս փոփոխությամբ սոցիալական արդարություն կհաստատվի, 18 տարին լրանալուց հետո բոլորը կզորակոչվեն բանակ, օլիգարխների ու պաշտոնյաների որդիները չեն կառչի տարկետման հնարավորությունից։
Վարդան Ղուկասյանին հիշեցրինք, որ սա միակ սողանցքը չէ, պաշտոնյաների մի մասն էլ օգտվում է առողջական փաստաթղթերը կեղծելու հնարավարությունից, որից օգտվողների թիվն ավելի մեծ է։ ժամանակին մամուլում հենց իր մասին գրվեց, որ «սողանցքով» էլ իր միակ որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ազատել է զինծառայությունից։ Պատգամավորը չհերքեց, որ առողջական փաստաթղթերով է ազատվել, սակայն Աստծուն վկայակոչելով՝ «բացեց սիրտը». «Սպարտակս սպորտսմեն էր, փորձանքի մեջ ընկավ՝ ավտովթարի, ոտքը կոտրվեց, աղիքային խնդիր ունեցավ, 30–40 կար դրեցին, հիմա էլ որ նայեք՝ էդքան կար կա իրա վրա։ Եւ երկու տարի հետ ընկավ ու երկու երեխա ունեցավ ու չծառայեց։ Ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել, որ իմ երեխի հետ կապված խնդիր կա»։
Ղուկասյանը հավատացրեց, թե եթե Սպարտակը «փորձանքի» մեջ չընկներ, մինչեւ առաջին գիծ գնալու էր, բայց միաժամանակ նշեց, որ դեմ է՝ մինուճարների ծառայելուն։ «Ես գիտեմ, որ Նիկոլայ ցարը իր մինուճարին բանակ չի տարել, որ տունը չքանդվի։ Գոնե էնպես լինի, որ մինուճարն էլ չգնա առաջնագծում չծառայի, որ էդ ազգանունը չվերանա։ Պատկերացրու 4–5 աղջիկ ունեն ու մի տղայի են սպասում, էդ մինուճարին էլ տանեն դնեն սահմանին։ Շատ դժվար է ջիգյարի հետ կապված խոսել»,–նեղսրտեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ այդ խնդիրը լուծելու մոտեցում է պետք մշակել, բայց թե ինչպիսի՝ չգիտի. «Էստեղ մոտեցում է պետք, բայց չգիտեմ՝ ինչ մոտեցում է։ Առաջնագծի բարձրանալու սահմանափակում պիտի լինի։ Պատկերացրեք՝ ինչ է ստացվում ,մենք մի կողմից ուզում ենք շատանանք, մյուս կողմից օջախը մարեց, ի՞նչ անեն»։ Չթաքցրեց, որ բանակից ազատվելու բազմաթիվ սողանցքների մասին անձամբ տեղյակ է, բայց նպատակահարմար չհամարեց բարձրաձայնել ու դրանք փակելու առաջարկներ ներկայացնել. «Բանակից ազատվելու սողանցնքներ կան, բոլորս գիտենք ու տեսել ենք, շատ բաներ գիտենք, պետք չի, որ բարձրաձայնենք։ Երբ որ օրենքը բոլորի վրա է կիրառվում, էլ ոչ ոք չի ասի՝ էդ ոնց է քյասիբի տղեն պիտի ծառայի, իմը՝ չէ։ Առողջական փաստաթղթերն էլ ինչ–որ լինելու է, վերեւից է լինում, ներքեւի շերտը ոչ մի բան չի կարողանում անի։ Այսինքն՝ ամեն ինչը թույլ է տրվում գեներալների մակարդակում, բժիշկները դուխ չունեն, որ իրենցից մի բան պահանջեն, իրենք այլ բան անեն, եթե բժիշկը դաբրո չունենա, էդպիսի բան չի անի»։



























