«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ քաղցկեղից մահացավ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ակտիվ հասարակության մեծամասնությունը չդիմացավ գայթակղությանը եւ բազմաթիվ դառը խոսքեր ասաց մահացողի հետեւից: Ինչ խոսք, այն հիմնարկը, որտեղ աշխատում էր Գորիկ Հակոբյանը, ավանդաբար հակակրանք է առաջացրել խորհրդային շրջանում եւ հիմա էլ ոչ մեկի աչքի լույսը չէ:
Դրան հավանաբար նաեւ պետք է ավելացնել այն, որ նման հիմնարկները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում հաճախ ծառայում են ոչ այնքան պետությանը, որքան իշխանությանը: Երբ քաղցկեղից մահացավ ռուսաստանցի գործարար Լեւոն Հայրապետյանը, հասարակության նույն ակտիվ մասը գրեթե դասեց նրան սրբերի շարքին եւ սկսեց գլխին մոխիր լցնել, թե մենք ամեն ինչ չարեցինք նրա կյանքը փրկելու համար:
Իհարկե, մահացու հիվանդությամբ մարդուն անազատության մեջ պահելը անմարդկային էր, ստալինիզմին հատուկ դաժանության դրսեւորում: Որպես դրական օրինակ հիշենք թեկուզ Հայաստանում ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանին, որին թույլ տվեցին մահանալ բանտի պատերից դուրս: Նման տարրական մարդասիրության դրսեւորումը պուտինյան իշխանությանը հատուկ չէ:
Քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին, ինձ թվում է, արդար է. կարելի էր ներկայանալ Լեւոն Հայրապետյանի թաղմանը ինչ-որ մի պաշտոնական մակարդակով, ասենք՝ նախարարի: Հավանաբար Պուտինը մեզ դրա համար չէր ուտի:
Սակայն խոսքը տվյալ դեպքում այլ բանի մասին է. եթե Ռուսաստանում կամ Հայաստանում հնարավոր չէ միլիոնատեր դառնալ առանց օրենքը խախտելու եւ իշխանության որոշակի օղակների հետ կապ ունենալու, ապա դա տարածվում է բոլորի վրա: Եվ այդ առումով հնարավոր չէ օլիգարխներին բաժանել լավերի եւ վատերի, ազնիվների եւ անպարկեշտների:
Այո, Լեւոն Հայրապետյանը զբաղվում էր բարեգործությամբ: Փառք ու պատիվ, հավերժ հիշատակ նրան: Բայց բարեգործությամբ են զբաղվում նաեւ Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը:
Եթե, Աստված մի արասցե, այդ մարդկանց հետ որեւէ բան պատահի, նրանց մասին ի՞նչ են խոսելու` այն, ինչ խոսվում է Գորիկ Հակոբյանի մասի՞ն, թե՞ այն, ինչ ասվում է Լեւոն Հայրապետյանի հասցեին:
Ընդհանուր սխեման հետեւյալն է. եթե մարդը հարստացել է Հայաստանից դուրս, մեր հասարակությունը նրան չի ընկալում որպես թալանչի: Եթե մարդը որեւէ կապ ունի իշխանությունների հետ` նրա մասին վատը կխոսեն թե՛ կյանքի օրոք եւ թե՛ մահանալուց հետո: Առավել եւս` եթե նա պաշտոնյա է եղել: (Իհարկե, կան եւ կլինեն որոշ բացառություններ):
Այդ պարզունակ սխեմայի եւ չափազանց սուբյեկտիվ ընկալումների պայմաններում բնական է, որ որոշ հանգուցյալների սրբադասում են, իսկ որոշների վրա նույնիսկ հետմահու շարունակում են ցեխ շպրտել: Բոլոր դեպքերում ես կգերադասեի ավելի զուսպ լինել այս աշխարհից հեռանալուց հետո մարդու հասցեին ինչպես փառաբանումների, այնպես էլ խարազանումների հարցում: Նրանց արդեն ոչ այդ փառքն է պետք, ոչ էլ հայհոյանքները տեղ կհասնեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























