Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը: Նրանք Հայաստան են ժամանել բանակցությունների 3-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը նշել է, որ տարին աննախադեպ էր Հայաստան-Եվրոպական միություն բարձրաստիճան փոխայցելություններով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, նաեւ` դրանց բովանդակային առումով:

Նա գոհունակությամբ արձանագրել է, որ այս տարվա հուլիսին բանակցությունների մեկնարկից ի վեր, դրանք վարվել են 14 ուղղություններով, որոնցից բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են 9-ը, մնացած ուղղություններով քննարկումները շարունակվում են եւ ակնկալվում է քննարկումներ սկսել եւս 10 ոլորտների շուրջ:

Զրույցի ընթացքում ամփոփվել են վերջերս կայացած Հայաստան - ԵՄ խորհրդի 11-ի նիստի, ինչպես նաեւ երկու օր առաջ Արեւելյան Գործընկերության նախարարական հանդիպման արդյունքները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա մայիսի 27-ին Բուդապեշտում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը մտքեր են փոխանակել Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Նշենք, որ այսօր ԱԳՆ-ում սկսվել է Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը, որին մասնակցում էին Հայաստանի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ Եվրոպական տարբեր կառույցների պաշտոնյաներ, Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ: