Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ այգում Հոկտեմբերի 27 զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Հասարակության մեջ այնուամենայնիվ մնացել է այն տպավորությունը, որ լիարժեք բացահայտում չի կատարվել և սա արդեն 18 տարի է մեզ ուղեկցում է: Իհարկե, այսպիսի դեպքերն այնպես է, որ միանշանակ ընկալում չեն առաջացնում, բայց ես նաև հետևելով 18 տարիների դինամիկային՝ տեսնում եմ, որ ծայրահեղացված վարկածներ, այսօր գոնե չեն հնչեցվում»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի, մի խավ կա, որ բավարարված չէ, եւ դա խոսում է այն մասին, որ 18 տարի այդ բեռը, ծանր զգացողությունն այդ դեպքերի հետ կապված մեզ ուղեկցել է: Ռուստամյանը նաեւ չբացառեց, որ հնարավոր է նաեւ, որ դրսի միջամտություն է եղել հոկտեմբերի 27-ին. «Ես միշտ ասում եմ, որ որեւէ բան չի կարելի բացառել, որովհետեւ եթե որեւէ բան քրեական գործի հետ բացառում ես, դա նշանակում է, որ լավ տիրապետում ես բոլոր նյուանսներին: Քանի ամբողջությամբ չի բացահայտվել եւ լիարժեք համոզում չի առաջացել, ես որեւէ մի այդպիսի վարկած չեմ կարող բացառել»,- ընդգծեց պատգամավորը:

Այդուհանդերձ, ՀՅԴ-ական պատգամավորը բացառեց, որ արտաքին միջամտությունը կատարված լինի Ռուսաստանի կողմից. «Հայաստանի թշնամին Ռուսաստանը չէ: Այդ վարկածներից գոնե ազատվեցինք, շատ ծայրահեղացված վարկածներ գոնե այսօր չեն քննարկվում, բայց ես չեմ բացառում, որ դրսի ուժերը մասնակից լինեն»:

Հարցին, թե համակարծի՞ք է Արա Բաբլոյանի հետ,  որ Հայաստանի զարգացման մեջ էական փոփոխություն չէր լինի, եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, Արմեն Ռուստամյանը ժխտական պատասխան տվեց. «Եթե այդ թիմը մնար, այդ համախմբվածությունը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր, իսկ մեր զարգացման ընթացքը հետ ընկավ: Ես կարծում եմ, որ դա մեծ հարված էր Հայաստանին, մեզնից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքինվենք, ոտքի կանգնենք, դա արդեն հետ գցեց մեր երկրի զարգացումն էլ մնացած բոլոր ծրագրերն էլ»: 

Արմեն Ռուստամյանի խոսքով, այդ օրերին առնվազն երկու անձի շուրջ կար համախմբում, դա ակնհայտ էր. «Այդ վստահության արդյունքում էր, որ որևէ մեկը կասկածի տակ չէր դնում ընտրությունները: Բոլորն ընդունում էին այդ դաշինքի իշխանությունը, սա մեծ պլատֆորմ էր, որի վրա կարելի էր մեծ հեռանկարային ծրագրեր կառուցել, իրավիճակի սթափ գնահատում կար` երկիրը գտնվում է ծանր ճգնաժամային վիճակում և այդ իրավիճակը փոխելու խնդիրներ էր դրվում առաջին անգամ սեկվեստոր արվեց բյուջեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: