ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ բանակից ազատվել է օրինական հիմքերով, չի խուսափել զինծառայությունից: «Ես օրենքով սահմանված կարգով ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին, օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ, դրա համար եղել են պատճառներ: Ես չեմ խուսափել բանակում ծառայելուց, տարկետման իրավունքից չեմ օգտվել, ես ունեցել եմ այլ պատճառ»,-այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ պետք է տարբերակել դասալիքներին եւ օրենքով սահմանված կարգով բանակ չգնացողներին. «Ով օրենքը շրջանցել է, նա դասալիք է, ով չի շրջանցել, նա դասալիք չէ: Եթե մեկի ոտքը կամ ձեռքը կարճ է կամ սրտի արատ ունի, այդ մարդը մեղավոր չի, չէ՞»:

Դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ առաջնագծում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են, ինչո՞ւ պաշտոնյաների որդիները չեն ծառայում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այ մարդ, ի՞նչ եք ուզում պաշտոնյաների որդիներից: Առաջնագիծն ի՞նչ կապ ունի՝ պաշտոնյայի որդի՞ է, թե ոչ: Եթե այդ պաշտոնյայի որդին լավ ֆիզիկոս է կամ ավարտել է, սպա է, ինքն առաջնագիծ գնում է ի՞նչ անի, կարող է ինքը լավ տա՞նկ է քշում»:

Շարմազանովը, սակայն չկարողացավ որեւէ պաշտոնյայի անուն տալ, ում որդին այսօր ծառայում է բանակում: