Երեւանի գլխավոր խնդիրը այն է, որ այսօր քաղաքը պատկանում է տրանսպորտային միջոցներին, մինչդեռ Երեւանը նախագծվել էր որպես պուրակ-քաղաք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Երեւանի գերծանրաբեռնված փողոցները բեռնաթափելու եւ խցանումները վերացնելու ուղղությամբ ՀՀ վարչապետի հանձնարարականը. խնդիրներն ու լուծումները» թեմայով քննարկման ժամանակ նշել է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Նրա փոխանցմամբ, աշխարհում երկու քաղաք է ունեցել հետիոտնային քաղաքի նախագիծ՝ Երեւանն ու Վաշինգտոնը։ «Մեկ այլ խնդիր է, որ մեքենաների մեծ թվի հետ մեկտեղ դրանց մեծ մասը օրվա զգալի հատվածը կանգնած է փողոցներում՝ խցանման լրացուցիչ պատճառներ ստեղծելով։ Մեքենաները ընդհանրապես քաղաքից դուրս գալու համար պիտի ծառայեն, ոչ թե 100 մ տարածք գնալու։ Քաղաքի հատակագիծը այնքան է անտեսվել, որ այնտեղ, որտեղ նախատեսվել էր մի ժամանակ մետրոյի կայարան կառուցել, այժմ դրանց փոխարեն բազմահարկ շենքեր են վեր խոյանում»,-ասաց նա:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը իր խոսքում նշեց, որ քաղաքապետարանը քննարկում է հանրային տրանսպորտի մեկ տոմս եւ մեկ օպերատոր նախագիծը։ Նրա խոսքով, նախատեսվում է, որ երկու տարի անց չեն լինի գծատերեր. «Արտասահմանից օպերատոր է ներգրավվելու հանրային տրանսպորտի ոլորտում, իսկ տրանսպորտային երթեւեկությունը մի թաղամասից մեկ այլ թաղամաս կլինի մեծ ավտոբուսներով, թաղամասի ներսում փոքր տրանսպորտով»։ Նրա փոխանցմամբ, արտասահմանյան օպերատորի փնտրտուքները դեռ արդյունք չեն տվել։
Բանախոսների կարծիքով, քաղաքի բեռնաթափման համար անհրաժեշտ կլինեն շրջանցող փողոցներ, թունելներ, էստակադաներ կառուցել, մայր բուհերը տեղափոխել կենտրոնից, որպեսզի հավասարաչափ բաշխվի երթեւեկությունը քաղաքի տարբեր մասերում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին եւ առաջարկել Երեւանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երեւան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը եւ առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ:




























