Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ 2011-ի հունվարին առաջին անգամ տեղի կունենա նախարարների խորհրդի հանդիպումներ, որի ընթացքում  կրկին կքննարկվի երկիր մուտք գործելու վիզաների  փոխադարձաբար վերացումը։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝  Իրաքի, Սիրիայի, Հունաստանի եւ Ռուսաստանի հետ բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհրդի նիստեր անցկացրած Թուրքիան այս անգամ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հետ։  Հանդիպմանը կմասնակցեն 9 նախարարներ, որի ընթացքում սպասվում է, որ մոտ 20 համաձայնագրեր կստորագրվեն։  Տեղեկություններ կան, որ համաձայնագրերից մեկը վերաբերվում է երկու երկրների միջեւ մուտքի  վիզաների փոխադարձաբար վերացմանը։

Նախարարների խորհրդի նիստից հետո նախատեսվում է մարտ ամսին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ եւս մեկ հանդիպում անցկացնել։

Նշենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ մուտքի վիզաների վերացման հարցը անընդհատ առաջ է քաշվում Թուրքիայի կողմից, սակայն Ադրբեջանը միշտ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է ստորագրել այն։