Թեեւ Հայաստանի իշխանությունները ԼՂՀ անկախությունը ճանաչելու «Ժառանգության» նախագիծը կրկին ժամանակավրեպ համարեցին, սակայն հիմա դա իրականացնելու ճիշտ ժամանակն էր, ինչպես հարմար էր դա անել 90-ականներին, 2007-ին եւ այս տարի: Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ 1992-94-ին Ղարաբաղի ճանաչման համար անչափ նպատակահարմար քաղաքական իրադրություն էր Հայաստանում՝ մանավանդ բուն 1994 թվականը, երբ ընդունվեց «Բիշկեկյան համաձայանագիրը»:

«Նպաստավոր աշխարհաքաղաքական իրադրություն էր ձեւավորվել նաեւ 2007-ին՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մեր առաջարկը համընկել էր Կոսովոյի ճանաչման գործընթացի ժամանակաշրջանի հետ, սակայն լրատվամիջոցներն ու իշխանությունն այդ քայլը որակեցին որպես ներկուսակցական շահ եւ այն ընթացք կրկին չունեցավ»,-նշեց Լ. Ալավերդյանը՝ հավելելով, որ իշխանություններն իրենց հերթին հակված են ճանաչել  ԼՂՀ-ն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակում գործի, ինչն անթույլատրելի է:

Ըստ բանախոսի՝ եթե ունենք պետականություն, ուրեմն՝ Հայաստանին, իր թերություններով հանդերձ, պետք չէ թույլ համարել նշյալ գործընթացն իրականացնելու համար:

«Թեեւ ներքին քաղաքականության հարցերում շատ թերացումներ ունենք, վարում ենք ուղղակի անթույլատրելի տնտեսական քաղաքականություն, սակայն, ունենք նաեւ բազում առավելություններ»,-ընդգծեց պատգամավորը՝ դրանց շարքին դասելով նպաստավոր աշխարհագրական դիրքն ու ժողովրդի խաղաղ կեցություն վարելու հակված մենթալիտետը, որը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, բանախոսի համոզմամբ, անչափ կարեւորվում է: