ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ եւ Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ծրագիրն ուղղված է Սեւանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների եւ էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սեւանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սեւանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար, ինչպես նաեւ ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջիկա տարիների ընթացքում ձեւավորել Սեւանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Արտադրության եւ իրացման գործընթացն իրականացնելու են «Սեւանի իշխան» եւ «Սեւան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք ստեղծվել են «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից:

Հանրապետության նախագահը Լճափ համայնքում այցելել է «Սեւան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություն: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի, բնապահպանության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ Նախագահը ծանոթացել է կատարված աշխատանքներին ու ստեղծված ենթակառուցվածքներին:

Նախագահն այնուհետեւ այցելել է Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սեւանի իշխան» ընկերության ձկնարտադրության համալիր, որտեղ ծանոթացել է համալիրում իրականացված աշխատանքներին եւ ներկա է գտնվել մանրաձկան գործարանի բացմանը:

Նորաբաց գործարանն ապահովելու է Սեւանի իշխանի երկու էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի եւ ամառային) մանրաձկան արտադրության ցիկլն ամբողջությամբ` մայրական վտառի կազմավորումից մինչեւ թրթուրի ու մանրաձկան աճեցում եւ կենսունակ մանրաձկան տեղափոխում Սեւանա լիճ: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության բոլոր փուլերը:

Գեղարքունիքի մարզ այցի ավարտին Հանրապետության նախագահը Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների եւ շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընթացիկ աշխատանքների, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ «Սեւան» ազգային պարկի տարածքում բնապահպանական խնդիրների եւ զարգացման ծրագրերի վերաբերյալ: